ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի որոշման հետ. Հանձնաժողովը որոշել է չհրապարակել հետաքննության արդյունքներն այն մասին, արդյո՞ք Ադրբեջանն է վճարել ամերիկյան օրենսդիրների Բաքու կատարած ուղեւորությունների համար:

Ըստ rollcall.com-ի, Հանձնաժողովի անդամների վրա ճնշումն աճում է: Իրավաբան Լեո Վայզի խոսքով, արդյունքների հրապարակումից հրաժարվելը կարող է նշանակել, որ իրականում Հանձնաժողովին չի հաջողվում ստուգումներ անցկացնել արտասահմանյան ուղեւորությունների համար վճարող ոչ առեւտրային կազմակերպություններում:

Որոշ փորձագետների կարծիքով, հանձնաժողովը, թվում է, մտադիր է «կոծկել» 9 կոնգրեսականների գործը, որոնցից 6-ը դեմոկրատներ են, 3-ը՝ հանրապետականներ: Կոնգրեսը բյուրո է ստեղծել՝ ենթադրյալ խախտումների անկախ գնահատականն ապահովելու համար, սակայն Հանձնաժողովը փորձել է միջամտել, երբ հետաքննությունն ամբողջ թափով ընթացել է: Հետաքննության արդյունքները հրապարակելուց հրաժարվելը, հնարավոր է, Կոնգրեսի կանոնների խախտում է:

Հիշեցնենք, որ ակադեմիական շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խումբն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովին կոչ էր անում հրապարակել անկախ հետաքննության արդյունքներն այն մասին, արդյո՞ք Ադրբեջանը վճարել է մի շարք օրենսդիրների այցը Բաքու եւ արդյո՞ք այդ հարցում խախտվել են Ներկայացուցիչների պալատի կանոնները: Հուլիսի 31-ին Հանձնաժողովը հայտարարեց, որ իր սեփական հետաքննությունն օրենսդիրների եւ նրանց աշխատակիցների կողմից որեւէ խախտում չի հայտնաբերել, եւ հրաժարվել է հրապարակել Էթիկայի բյուրոյի զեկույցը:

Ուղեւորության շուրջ վեճերի պատճառը «The Washington Post»-ի հաղորդագրությունն է 2015 թվականի մայիսի 13-ի Էթիկայի գրասենյակի գաղտնի հետաքննության մասին, որի համաձայն՝ «օրենսդիրներն ու նրանց աշխատակիցները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել վճարված ուղեւորությունների, մետաքսե շարֆերի, թեյի բյուրեղապակե սպասքի եւ ադրբեջանական գորգերի տեսքով՝ 2.500-ից մինչեւ 10.000 դոլարի չափով»: Հաղորդվում էր նաեւ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ԱՄՆ-ում տեղակայված ոչ առեւտրային կազմակերպության միջոցով 750 հազար դոլար է փոխանցել՝ համաժողովին մասնակցության համար համար ֆինանսավորումը թաքցնելու նպատակով: