Հայաստանը պետք է օգտվի տնտեսական բոլոր միությունների հնարավոր առավելություններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ամերիկյան Pragma Corporation խորհրդատվական ընկերության ծրագրերի տնօրեն Փոլ Դեւիսը:

Pragma Corporation-ը Հայաստանում աշխատում է 2011 թվականից, USAID-ի ծրագրերի շրջանակում: Ներկայում ընկերությունը մեր երկրի կառավարությանն օգնում է ռազմավարություն մշակել «Հայաստան» ներդրումային համաժողովի համար, որը պետք է կայանա 2016 թվականի սեպտեմբերին, Նյու Յորքում: Մինչ այդ մի քանի շնորհանդես կկայանա համաշխարհային գործարար կենտրոններում՝ Դուբայում, Շանհայում, Հոնկոնգում, Լոնդոնում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում եւ Լոս Անջելեսում:

«Եվրասիական միության հետ կապերի ամրապնդումը կարող է բազմաթիվ առավելություններ բերել, նաեւ պետք է օգտագործել գործարար կապերն Արեւմտյան Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների հետ: Հայաստանի համար շատ կարեւոր է ցանկացած ուղղությանն ուշադրություն դարձնելը»,- հայտարարեց փորձագետը: