ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնորոգվի ու կբարեկարգվի: Այս մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական եւ առողջապահական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ եղել է «Լեռնային Հայաստանում», զրուցել է առողջարանում իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հետ, ծանոթացել սենյակների վիճակին, գույքին։ Սեյրան Օհանյանը շրջել է առողջարանի ճաշարանում, նորոգված առողջարանային մասնաշենքում, որտեղ գործում են ցեխաբուժության, մերսման, ֆիզիոթերապիայի սրահներ, լողավազան, հետազոտությունների, բուժման եւ սպասարկումների սենյակներ։
Հրավիրված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները բարելավելու, տարածքի որոշ հատվածներում անհրաժեշտ նորոգումներ իրականացնելու, անհրաժեշտ գույքով ապահովելու եւ հանգստացողների ժամանցն առավել հարմարավետ կազմակերպելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ առողջապահական եւ սոցիալական խնդիրներին վերաբերող այլ հարցեր։





























