Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ ընդհանրապես եւ ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես: Այս մասին հայտարարություն է տարածել հայտնի գործարար, Ա պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նրա տարածած հայտարարությունում նշվում է.
«Մամուլում այսօր տեղ գտած հերթական «տեղեկատվության» համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: Նշվում է նաեւ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը:
Հրապարակման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ ընդհանրապես եւ ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես: Գագիկ Ծառուկյանը երբեւէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել եւ չունի:
Գագիկ Ծառուկյանի անձի եւ գործունեության հետ կապված հետեւողական եւ միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսեւորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի գնորդները 4 հայ գործարարներ են: «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաեւ «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը»,-գրել է թերթը:




























