Սփյուռքի նախարարությունը Քոբանիից սեպտեմբերի 2-ին Հայաստան տեղափոխված Թովմասյանների ընտանիքին կօգնի բնակարանի վարձով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Մենք ենք օգնել, որ այդ ընտանիքը գա Հայաստան, ինչպես որ ուրիշ այլ ընտանիքների։ Այս պահին կացարանով ապահովել չենք կարող, որովհետեւ բնակարանային ֆոնդ չունենք, սակայն վարձով բնականաբար օգնելու ենք»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 2-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել Սիրիայի Քոբանի գյուղից Թուրքիա փախած Թովմասյանների 17 հոգանոց ընտանիքը, այդ թվում 11 երեխա: Ընտանիքը ժամանակավորապես ապրում է Սիլիկյան սոցիալական տանը:

Նրանք արդեն ստացել են փախստականի կարգավիճակ: