ՀԲ նոր վարկային ծրագրով Հայաստանում կվերանայվի ավագ դպրոցների կրթակարգը: Այս մասին նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին եւ Անուշ Շահվերդյանին, որի ընթացքում քննարկվել են «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաեւ ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

Շեշտելով  ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների  իրագործման ու ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳ նախարարը   կարեւորել է հատկապես հաջողությամբ իրագործված նախակրթարանների հիմնադրման ծրագիրը,  ինչպես նաեւ Հայաստանի 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում «Նորարարական մրցակցային հիմնադրամների» փորձարկումը,  որի  շնորհիվ բուհերում բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, կատարվել է ենթակառուցվածքների զարգացում  եւ  տեխնիկական վերազինում: ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսված աշխատանքներից ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարեւորել է հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման ու կրթակարգի  վերանայման խնդիրները:

Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել  «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ աշխատանքային մի շարք այլ հարցեր: