ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։ «Մեր բանակը շատ անվտանգ պահպանում է մեր սահմանները, եւ այս պահին խաղաղապահների տեղակայման խնդիր չկա», - այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԺ նախագահը։

Գալուստը Սահակյանի խոսքով՝ խաղաղապահների կենտրոնը ՀԱՊԿ պետությունների համար պարզապես որպես լաբորատորիա է ծառայելու։

Հիշեցնենք, որ Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը պետք է լինի միջազգային խաղաղապահների տեղակայումը։  Ջեյմս Ուորլիքը, սակայն, նշել էր, որ դեռ պետք է քննարկվեն այն հարցերը, թե ինչպիսին պետք է լինեն խաղաղապահ ուժերը եւ կոնկրետ որտեղ պետք է դրանք տեղակայվեն։