Մի խումբ հայ երիտասարդներ այցելություն են կազմակերպում դեպի ԼՂՀ Ասկերանի զորամասերից մեկը, որի նպատակն է քաջալերել սահմանին կանգնած զինվորներին, հագուստ ու սնունդ հասցնել նրանց:

Նախաձեռնության հեղինակներն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.

«2014 թվականի օգոստոսին, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ժամանակ կազմակերպվեց եւ իրականացվեց այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակի սահմանապահ զորամաս՝ Ասկերանի ուղղությամբ, ինչը մեծ արձագանք ստացավ:

Այսօր եւս սահմանին իրավիճակը հանգիստ չէ, սակայն ամեն մի հայորդու աջակցությունը եւս կարեւոր է բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ հզոր ու անպարտելի պետության կերտման նկատառումներով:

2015 թվականի սեպտեմբերի 26-27-ին կազմակերպվում է եւս մեկ այցելություն Արցախի սահմանապահ զորամաս՝ այս անգամ Հադրութի ուղղությամբ:

Բոլորին առաջարկում ենք միանալ մեզ, ոգեպնդել մեր զինվորներին, սնունդ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ տանել, փոքր ինչ բարձրացնել մարտական ոգին՝ սեփական օրինակով քաջալերելով նաեւ հասարակության այլ հատվածներին: Հայրենիքի հանդեպ մեր սերն ու երախտիքն արտահայտենք սեփական ջանքերով՝ առանց հաշվի առնելու քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքներն ու համախմբվելով հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ:

Առաջարկում ենք մասնակցության 2 ձեւաչափ

1. Միանալ մեզ, սեպտեմբերի 26-ին՝ շաբաթ օրը ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ մետրո կայարանի մոտից շարժվել դեպի զորամաս: Դրա համար վերցնել անհրաժեշտ պարագաներ եւ հնարավորության դեպքում հանգանակության գումար՝ 10000 դրամից սկսած: Ավտոմեքենայի առկայությունը ողջունելի է:

2. Մասնակցել նյութապես՝ զանգահարելով 091747710 կամ 077264960 հեռախոսահամարներով եւ փոխանցել նախընտրելի գումար, սնունդ, կենցաղային կամ այլ անհրաժեշտ պարագաներ՝ սեփական հնարավորությունների ու ցանկությունների սահմաններում սահմանապահ զինվորներին նյութական օգնություն տրամադրելու նպատակով:

Մասնակիցներին խնդրում ենք արձագանքել մինչեւ սեպտեմբերի 25-ը՝ ուրբաթ օրը ժամը 21.00-ը»: