Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Որպես կանոն Հայաստանի համար տոն օրերին Զինված ուժերի մարտունակությունն ու զգոնությունն ավելի բարձր կարգավիճակի է բերվում, որովհետեւ հենց այդ օրերին փորձից գիտենք, որ լինում են խախտումներ: Բայց այսօր իրավիճակը վերահսկվում է, հարաբերական հանգիստ է, եւ մեր զինծառայողներն առաջին գծում իրենց խնդիրը լիարժեք իրականացնում են»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր սեպտեմբերի առաջին օրերին. հակառակորդը պարբերաբար կրակում էր հայկական դիրքերի եւ գյուղերի ուղղությամբ:




























