Գյումրեցի Հարությունյանների ընտանիքում 24 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին ծնվեց ընտանիքի 7-րդ դուստրը: Անկախության հանրաքվեին Հայաստանի բնակչության 94,39 տոկոսի նման «այո» քվեարկած Հարությունյանները երբ իմացան, որ դուստր են ունեցել, առանց երկմտելու որոշեցին անունը Ազատուհի դնել՝ ազատ, անկախ Հայաստանի պատվին:

«Սեպտեմբերի 21-ի առավոտյան գնացի ընտրության ու շատ պատահական ինձ վատ զգացի, գնացինք ծննդատուն ու ցերեկը ժամը մեկին աղջիկս ծնվեց: Մտածում էինք՝ տղա է ծնվելու, բայց աղջիկ ծնվեց: Ծննդատան աշխատողներն ինձ ձեռք էին առնում, ասում էին՝ յոթերորդն էլ աղջիկ ծնվավ, ամուսինդ տուն չի թողնի քեզ: Ես էլ ասի՝ ո՞նց թե չի թողնի, թեկուզ տասն աղջիկ ունենամ, կարեւորը՝ ազատ երկրի մեջ ապրի»,- NEWS.am–ի հետ զրույցում հիշում է Ազատուհու մայրը՝ տիկին Արմենուհին:

Հայաստանի համար պատմական կարեւորագույն օրը երեխա ունենալու լուրն այնքան ուրախացրեց Արմենուհու ամուսնուն, որ հետին պլան մղվեց արու զավակ ունենալու 15 տարիների փափագը։ 

Հարությունյանների յոթերորդ դուստրը նույն օրը Գյումրիի ծննդատանը լույս աշխարհ եկած ու օրվա խորհրդով անվանակոչված միակ երեխան չէր։ Արմինեն հիշում է` մի քանի ժամվա տարբերությամբ ծնված տղային սենյակի իր հարեւանուհին նույնպես Ազատ անվանեց։

Հայաստանում այդ օրը մեկ տասնյակից ավելի Ազատ ու Ազատուհի ծնվեց։

Էջմիածնի Խորոնք գյուղում բնակվող Այվազյաններն իրենց առաջնեկի անունն ընտրելու հնարավորություն անգամ չունեցան։ Գյուղացիներով հավաքվեցին ու նրանց փոխարեն որոշեցին, գաղտնի պատրաստեցին ծննդականը ու ծնողներին անակնկալ մատուցեցին։

«Տղաս ծնվեց լուսադեմին։ Կեսօրից հետո գնացի գյուղապետարան, գյուղապետն ու եղբայրս ասեցին՝ ծննդականը պատրաստ ա, անկախ Հայաստանի պատվին Ազատ ենք դրել տղայիդ անունը: Ես էլ հայրենիքս սիրում եմ, շատ ուրախացա, հավաքվեցինք բոլորով գյուղապետարանում, նշեցինք Հայաստանի անկախանալն էլ, Ազատիս ծնվելն էլ»,- հիշում է Ազատի հայրը՝ Գագիկ Այվազյանը:

Ում–ում, բայց Ազատի ծննդյան տարեդարձը Խորոնքում բոլորն են հիշում։

«100 հոգի զանգում, շնորհավորում են։ Ամեն տարի պարտադիր նշում ենք: Առաջինը անկախության օրն ենք շնորհավորում, հետո` իր ծնունդը»,- ասում է Ազատի հայրը:

Այս տարի հայրն Ազատի ծննդյան տարեդարձն առաջին անգամ «Սկայպով» կշնորհավորի։ Անկախության հետ մեծացող 24–ամյա Ազատը դեռ իր տեղը չի գտել անկախ Հայաստանում. 10 օր առաջ մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Ծառայությունն ավարտելուց հետո հայրենի գյուղում մի քանի տարի զբաղվել է գյուղատնտեսությամբ, հետո մեկնել ՌԴ աշխատելու։

Ազատի նման իր 24 ամյակն այստեղ չի նշի նաեւ գյումրեցի Ազատուհին. նա մի քանի ամիս առաջ ամուսնացել ու մեկնել է ՌԴ: Ազատի ու Ազատուհու վերադարձին ծնողները կսպասեն այստեղ` Հայաստանում` հույսով, որ անկախության երիտասարդության տարիները հայրենիքից դուրս անցկացնող զավակներն իրենց կողքին կլինեն անկախության հասունության շրջանում։