Հայաստանի անկախության 24 տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է հենց անկախությունը, որը մենք մեծացնում ենք փոքր երեխայի պես, որպեսզի կարողանանք ունենալ այն անկախությունը, որի մասին երազել ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
Պատգամավորի համոզմամբ, Հայաստանը դեռ շատ բան ունի անելու նաեւ 20 կամ 50 տարի հետո:
«Իհարկե, եղել են նաեւ բացթողումներ՝ պայմանավորված պատերազմի, շրջափակման, երկրաշարժի հանգամանքներով: Դրանք բավական լուրջ խոչընդոտներ էին ազգի անկախության կայացման ճանապարհին: Բնականաբար, բոլոր գործողություններն ու բարեփոխումները, որոնք ներկայումս իրականացվում են երկրում, ուղղված են ապագային: Եվ ես վստահ եմ, որ աստիճանաբար մենք կունենանք այն, ինչի մասին երազել ենք»,-ընդգծել է Բաղդասարյանը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Ուղիղ 24 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ Հայաստանի քաղաքացիների շուրջ 94 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը:




























