Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հերթական անգամ հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ եւ քննարկել բնակիչների վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցերը:
Քաղաքապետի տեղակալը ներկաներին մեկ անգամ եւս ներկայացրել է բնակարանների փոխհատուցման կարգն ու ընթացակարգը, ինչպես նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Վերաբնակեցման գործընթացն առավել կազմակերպված եւ արագ անցկացնելու նպատակով Վահե Նիկոյանը բնակիչներին հորդորել է նախապես պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, որ այս փուլում եւս, ինչպես նախորդ բոլոր փուլերում, բնակարանների ընտրությունը կկատարվի վիճակահանությամբ: Հարկ է նշել, որ այս փուլը գործընթացի վերջին փուլն է, որով ամբողջությամբ ավարտվում է վերոնշյալ շենքի բնակիչների նոր բնակարաններում վերաբնակեցնելու գործընթացը:




























