Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դեռեւս լուրջ համագործակցություն չկա, թեպետ մենք լավ հեռանկարներ ունենք։ Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ «Երկրներ մեկ տանիքի տակ» փառատոնի շրջանակներում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրոն։
Դեսպանը ներկաներին ողջունել է հայերեն՝ ասելով «Բարի լույս» եւ նշել է, որ իր զեկույցի հիմնական մեսիջն է՝ ինչպես անել, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ գոյություն ունեցող հնարավորությունները արդյունավետ օգտագործվեն։ «Առաջին հերթին, Բրազիլիան կարող է լավ գործընկեր լինել Հայաստանի համար. այն մեծաքանակ բնակչություն ունի, որոնք հիմնականում երիտասարդներ են, ունի կայուն տնտեսություն, Ասիայում, Եվրամիությունում, Աֆրիկայում եւ ողջ աշխարհում արտաքին առեւտրային գործընկերներ։ Դա մեզ ներկայացնում է որպես գլոբալ առեւտրային գործընկեր»,- ընդգծել է Էդսոն Մարինո Դուարտե Մոնտեյրոն։ Բրազիլիան, նրա խոսքով, իր տնտեսությամբ աշխարհում 8-րդ երկիրն է։ «Հայաստանը պետք է մեզ դիտարկի որպես իր արտադրանքը սպառողի։ Բրազիլական ընկերությունները հայ ընկերությունների հետ համագործակցության զարգացման ուղիներ են փնտրում։ Ես խորհուրդ եմ տալիս այցելել Բրազիլիա, հանդիպել գործարարների հետ եւ մասնակցել տոնավաճառներին, որոնք հնարավորություն կտան համագործակցության համար նոր հնարավորություններ բացել։
Հայաստանը ԵՏՄ անդամ է, որը նոր շուկա է բացում երկրի համար։ Այդ մասին պետք է տեղյակ լինեն նաեւ բրազիլացի գործարարները, որոնք նաեւ ակտիվ զբոսաշրջիկներ են»,- հավելեց դեսպանը։





























