Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) Հայաստանի բարգավաճման համար պետք է կազմակերպությունը վերածվի մի միության, որը հավասար պայմաններ է առաջարկում բոլորի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը ներկայացրել է երկու երկրների հետագա փոխգործակցության շուրջ իր տեսլականը, մասնավորապես, տնտեսական կապերի զարգացումը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, ինչպես նաեւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

Հայաստանի տնտեսության զարգացման եւ Շվեյցարիայի հետ փոխգործակցության խորացման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Հայաստանը շատ հետաքրքիր տնտեսություն ունի, հետաքրքիր ավանդույթներ, որոնք, կարծում եմ, շատ դեպքերում լրացնում են Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի տնտեսություններին: Հայաստանը նավթ չունի, բայց երկրում շատ լավ է գործում ծառայությունների ոլորտը: Կարծում եմ, որ ձեր մտածելակերպը շատ նման է մեր մտածողությանը: Դուք հավատում եք ազատ շուկային: Որպեսզի Հայաստանը բարգավաճի ԵՏՄ-ում, կազմակերպությունը պետք է վերածվի միության, որը հավասար պայմաններ է ապահովում բոլորի համար: Այդ դեպքում, կարծում եմ, Հայաստանը շատ հետաքրքիր երկիր կդառնա այնպիսի գործընկերների համար, ինչպիսիք եք Շվեյցարիան եւ Արեւմտյան Եվրոպան ընդհանրապես:

Կցանկանայի հարցնել նաեւ տարածաշրջանային հարաբերությունների այլ ասպեկտի մասին: Այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ կա՞ն: Այդ ուղղությամբ շվեյցարական կողմից նոր նախաձեռնություններ նախատեսվո՞ւմ են:

Մենք հույս ունեինք, որ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվեցին 2009 թվականին ոչ միայն Շվեյցարիայի, Հայաստանի եւ Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերով, ապագայում կվավերացվեն: Կարծում ենք, որ դա լավ հիմք է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար: Ես համեմատաբար փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրից եմ: Կարծում եմ՝ մենք շատ բան ենք կիսում Հայաստանի հետ: Մենք նաեւ բնական պաշարներ չունենք: Հարեւանների հետ առեւտրի շուրջ մեր հետաքրքրությունը չափազանց մեծ է: Կցանկանայի այս իրավիճակը համեմատել հայ-թուրքական հարաբերությունների իրադրության հետ: Պատկերացրեք, եթե Շվեյցարիան փակ սահմաններ ունենար ոչ միայն Գերմանիայի, այլ նաեւ Ֆրանսիայի հետ: Այդ դեպքում մենք երբեւէ չէինք ունենա բարգավաճման ու բարեկեցության այժմյան մակարդակը: Կարծում եմ՝ Հայաստանը երկիր է, որն արժանի է բարգավաճման եւ բարեկեցության: Ես չափազանց տպավորված եմ Հայաստանի տաղանդով եւ բարձրագույն կրթության մակարդակով: Անկեղծ ասած՝ որպես շվեյցարացի, ես պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ սահմանը փակ է: Այո՛, մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի հետ՝ նպատակ ունենալով փոխել իրավիճակը: Եվ արձանագրությունները լավ հիմք էին դրա համար:

Կարծում եք, դա հնարավո՞ր է, եթե հաշվի առնենք Թուրքիայի կողմից որեւէ քայլի բացակայությունը: Շատ է խոսվում այն մասին, որ «գնդակը թուրքական դաշտում է»: Բացի այդ, ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Թուրքիան այլ հարցերով է զբաղված, օրինակ՝ քրդական խնդրով:

Ցյուրիխյան արձանագրություններն օգնություն էին երկու կողմի համար էլ՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի: Եվ մենք չենք կարող ակնկալել, որպեսզի բոլոր քայլերը ձեռնարկվեն միայն մեկ կողմից: Այդ դեպքում նաեւ միջնորդների անհրաժեշտություն չի լինի:

Շատերը պնդում են, որ հայ-թուրքական արձանագրությունները մեռած փաստաթուղթ են:

Մենք չենք հավատում դրան: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը 6 տարի է անցել, ինչն այդքան էլ շատ չէ: Հիմնական իրավիճակը չի փոխվել: Մենք լավատեսորեն ենք տրամադրվել:

Զրուցեց՝ Տաթեւիկ Ղազարյանը