Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ, որտեղ նախօրեին տեղափոխվել է ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հավաքվել են մի քանի տասնյակ ազատամարտիկներ եւ այլ քաղաքացիներ, որոնք պահանջում են գտնել եւ պատասխանատվության ենթարկել ազատամարտիկին Աբովյան փողոցում ծեծի ենթարկողներին:

 «Սմբատ Հակոբյանին ծեծելը նշանակում է, որ մեր երկրում ով ինչ ուզում, անում է, չեմ հասկանում, թե Սմբատին ինչի համար են ծեծել, նա անգամ ընդդիմադիր դաշտից էլ չէ»,-ասաց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ ավելացնելով, որ իրենք չեն պատրաստվում հիվանդանոցի մոտից հեռանալ:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի առջեւ են «Ազատամարտիկների դաշինքի» ազատամարտիկները, «Հայազն» կուսակցության անդամները, որոնց իրականացրած «Ինքնիշխանության երթից» հետո ծեծի էր ենթարկվել երթին մասնակցած ազատամարտիկը,  այլ քաղաքացիներ, որոնք իրավապահներից հետեւողականություն են պահանջում:

Ազատամարտիկներին վրդովեցրել է ոստիկանների պահվածքը, որոնք, ըստ Մանվել Եղիազարյանի, պատշաճ չեն արձագանքել կատարվածին:

Նշենք, որ երեկ ակտիվիստները փակել  էին Աբովյան փողոցը՝ փորձելով ոստիկանների ուշադրությունը հրավիրել ազատամարտիկին ծեծի ենթարկելու միջադեպի վրա: Ոստիկանները միայն դրանից հետո են դեպքի վայր ժամանել եւ քննություն սկսել:

Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողներին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել 6 հոգով, որոնց թվում է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:

Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ այսօր հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:

Ազատամարտիկի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք, կրծքավանդակը դրենավորվել է:

Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե: