ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելով՝ Հայաստանը հնարավորություն է ստանում՝ փորձարկելու դաշինքը ռազմաքաղաքական անվտանգության պահպանման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ այս շրջանը չափազանց կարեւոր է՝ նկատի ունենալով այդպես էլ չթուլացող ռազմական վտանգն ուղղված Հայաստանի սահմաններին:

«Երեկ գիշեր կրկին հակառակորդը կրակել է: Հայաստանը պետք է ոչ միայն ապավինի սեփական միջոցներով լռեցնելու հակառակորդին, այլեւ դաշինքի հետ պայքարի այդ հարցում: Եթե մենք հիմա առիթը բաց թողնենք, Ադրբեջանը  հետեւություններ է անելու Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ, թե Հայաստանի անդամակցությունն այս կամ այն կառույցին ինչպես է փոխում նրա պաշտպանվածության մակարդակը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է մարսի այս շրջանում տեղի ունեցածը, առավել եւս եթե հակառակորդը զրահատեխնիկա է օգտագործում, պետք է անհապաղ հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում. «Հայաստանը պետք է պարտավորեցնի իր դաշնակիցներին, որ Ադրբեջանի դեմ համատեղ պայքարեն: Նրանք պետք է իրենց դաշինքային պարտավորությունները կատարեն»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը: