ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին  Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ եւ քննարկել տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել  Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու  եւ Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նա բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության էլ ավելի զարգացմանը եւ ամրապնդմանը:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ՝ Հովիկ Աբրահամյանը   համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի  հայ-չինական կապերի  ամրապնդմանը եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Երկու երկրների վարչապետները կարեւորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության,  գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում  հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի  իրականացումը: Այս համատեքստում կարեւոր է համարվել  Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

 Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների  միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն  առաջընթաց են արձանագրել, եւ զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար):  ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը իր հերթին  ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, եւ Չինաստանը  պատրաստ է խորացնելու եւ ամրապնդելու  դրանք։  

Հայաստանի եւ Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են  Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է  չինական կողմի  հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար եւ այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: