Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է պատգամավորի թեկնածու գրանցել ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին, որը գտնվում է բանտում։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից հայտարարություն է տարածվել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է Սեւան Նիշանյանին գրանցել որպես պատգամավորի թեկնածու՝ շեշտելով նրա ազատազրկման պատճառը։
Հայտարարության մեջ նշվել է, որ տարօրինակ է, որ նման մեղադրանքով ազատազրկում միայն Սեւան Նիշանյանի նկատամամբ է կիրառվում։
Նշենք, որ Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից Սեւան Նիշանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել եւ գլխավորում էր ցուցակը։
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։
Սեւան Նիշանյանի դեմ մի քանի դատական որոշումներ են կայացվել անօրինական շինարարություն անելու մեղադրանքով։ Ներկայում Նիշանյանը գտնվում է բանտում եւ ազատազրկման է դատապարտվել ընդհանուր 11 տարով։




























