«Ազգ» թերթի փոխանցմամբ՝ ամերիկահպատակներ Կարպիս Դավոյանի եւ Հրայր Թյուրաբյանի անունից Միացյալ  Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի կենտրոնական շրջանային դատարան «Կաբատեկ Բրաուն Քելլերներ» ՍՊԸ-ի ներկայացրած խմբային դատական հայցն ընդդեմ թուրքական կառավարության, Թուրքիայի Հանրապետության կենտրոնական եւ գյուղատնտեսության «Զիրաաթ» բանկերի, միանշանակ ըմբռնումով չընդունվեց բոլորի կողմից:

Թուրքական մի շարք լրատվական գործակալություններ եւ անհատ բլոգերներ փորձեցին ծաղրուծանակի ենթարկել հայցը, մինչ որոշ հայեր ապարդյուն ջանք համարեցին կատարվածը: Այդուհանդերձ, Եղեռնից մազապուրծների ժառանգորդները գոտեպնդված են, որ արդարությունը վերջապես կհաղթանակի, հատկապես նրանց համար, ովքեր դեռեւս պահպանում են սեփականության վավերագրեր եւ համապատասխան փաստաթղթեր: Փաստաբաններ Բրայան Կաբատեկը , Մարկ Կիրակոսը , Պերճ Բոյաճյանն ու Արա Ջաբաղջուրյանը նման խմբային դատական հայցեր շահելու մեծ վարկանիշ ունեն եւ իրենց հեղինակությունը ռիսկի տակ չէին դնի, եթե վստահ չլինեին ելքի հարցում:

Անշուշտ, ծանր ու դժվարին գործընթաց է սպասվում, քանի որ ժառանգազրկված մի փոքրամասնություն պայքարելու է թուրքական կառավարության հսկայական բյուրոկրատիզմի դեմ:

«Անշուշտ, ներկա հայցը տարբեր է իր բնույթով: Դա առնչություն չունի օտար ընկերությունների հետ, որոնք բիզնես էին անում Օսմանյան կայսրությունում: Այս անգամ հայցն ընդդեմ թուրքական կառավարության է, եւ արդյունքը ոչ միայն նյութական փոխհատուցումն է լինելու, այլեւ հեռուն գնացող քաղաքական արձագանքներ է ունենալու: Այդ պատճառով էլ ակնկալում ենք, որ թուրքական կառավարությունը ամբողջ թափով պայքարելու է, որ հաղթանակի հասնի»,- գրում է պարբերականը: