Ղազախստանի իշխանությունները մտադիր են էմբարգո կիրառել ռուսական ապրանքների նկատմամբ: Այս մասին հայտնում է Zakon.kz պորտալը:
Էմբարգոյի ցանկում առաջարկում են ընդգրկել ավտոմեքենաները, ապակե տարաները, մարտկոցները, թռչնամիսը, ձուն, ալյուրը, մակարոնը, հյութերն ու ըմպելիքները, ալիքավոր թերթաքարը, լարերն ու մալուխները, թթխմորը, կարագն ու յուղերը, հրուշակեղենը, քսայուղերը, երկաթգծային ձուլվածքները, սառեցնող հեղուկը:
Ավելին, մի շարք ձեռներեցներ հորդորում են քվոտաներ սահմանել Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար: Եվ այսպես, «Ասիա Ավտո» ավտոմեքենաների հավաքման ընկերությունը եւ Ղազախստանի ավտոմոբիլային բիզնեսի ասոցացիան Ղազախստանի տրանսպորտի նախարարությանը համոզում են, որ ռուսական ավտոմեքենաների ներմուծման ու դրանք դիլերային ցանցերի միջոցով վաճառելու բացառիկ իրավունքը իրենց տրամադրվի:
«ԵվրոԿրիստալ» եւ «ՍԱՖ» ապակեգործական ընկերությունները խնդրում են քվոտաներ սահմանել ռուսական ապակե տարրաների ներկրման համար:
«Կայնար – ԱԿԲ» ձեռնարկությունը պահանջում է քվոտաներ սահմանել ռուսական արտադրության մարտկոցների ներմուծման համար: Որպես շուկայից ռուսական ապրանքների դուրս մղման հիմնական միջոցառում ՝ առաջարկում են ուժեղացնել վերահսկողությունը Ղազախստան ներկրվող ու այնտեղ իրացվող մարտկոցների նկատմամբ՝ ստուգելով դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգին:
Միանգամից վեց ղազախստանյան ձեռնարկություն պահանջում է անասնաբուժասանիտարական միջոցառումների օգնությամբ արգելել Ռուսաստանից թռչնամսի ներկրումը՝ պաշտպանելու համար Ղազախստանի սպառողների իրավունքները:
Նույնատիպ միջոցառումներ են առաջարկում նաեւ մետաղագործական ու շինարարական ընկերությունները, որոնք ուզում են արգելել կամ էլ քվոտավորել Ռուսաստանից ներմուծվող շինարարարական մատերիալները:




























