Հայաստանը կարող է երկնիշ տնտեսական աճ գրանցել։ Այս մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նա նշել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում եղած դրական տեղաշարժը։ «Միայն առաջին կիսամյակի տվյալները բավական հուսադրող են։ Իհարկե եղանակային պայմանները բարենպաստ են, բայց այդ աճը չի կարելի կապել միայն եղանակային պայմանների հետ։ Ես առնվազն տեսնում եմ ավանդական շուկաներ (Ռուսաստան, որը մեծ շուկա է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար) արտահանության կազմակերպման առաջին քայլերը»,- նշեց Մանասերյանը։
Տնտեսագետն ընդգծել է, որ գրանցվել է Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքների արտահանման կրկնակի աճ։ «Դա ուրախալի է, բայց ինձ համար՝ որպես տնտեսագետի, անընդունելի է միայն մեկ շուկայից կախվածությունը։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք դուրս գալ նաեւ այլ շուկաներ։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ եվրոպական շուկան»,- ասաց փորձագետը։
Մանասերյանը նաեւ հավելեց, որ Հայաստանը գինեգործության ոլորտում մեծ նվաճումներ ունի։ «Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանն այդ ոլորտում ապագա ունի»,- ընդգծեց տնտեսագետը։




























