Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ եւ քննարկել ՀՀ-ում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները՝ Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:
Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կզարգանա: Նա կարեւոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք 1750թ. եւ հանդիսացել է թագավորական ամառային նստավայր: Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին:




























