Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց է փոշոտվել, եւ դասական իմաստով քաղաքական գործիչներին կարելի է մատների վրա հաշվել։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ դիրքորոշման կտրուկ փոփոխությանը՝ Քոչարյանը հիշեցրել է, որ ԲՀԿ-ն իրեն արմատական ընդդիմություն էր հռչակել, իսկ հիմա կարծես թե արմատական իշխանություն է դարձել։ Նրա խոսքով, եթե ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ ԱՄՆ դեսպանի բառերը լուրջ չեն, դրանից հետո քաղաքական դաշտի մասին խոսելն իմաստ չունի։ «Հայաստանի ներքաղաքական կյանքն արդեն վաղուց է կրկեսի վերածվել»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն ընդդիմադիր ճամբար տեղափոխելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերին, քաղտեխնոլոգը ընդգծեց, որ ՀՀ առաջին նախագահն իհարկե լուրջ քաղաքական գործիչ է, իսկ հավատում էր նա իր խոսքերին, թե ոչ, պետք է հարցնել նրան։
«Ես միշտ կարծել եմ, որ Ռեդյարդ Քիփլինգի «Մաուգլին» քաղաքական ստեղծագործություն է։ Հատկապես այն մասը, երբ Մաուգլին ասում է Շերխանին. «Դու այնքան ասացիր, որ ես մարդու ձագ եմ, որ ես հավատացի»։ Մեր քաղաքական դաշտում այս կամ այն գործիչներին այնքան են կրկնում, որ նրանք այս են կամ այն, որ նրանք սկսում են հավատալ դրան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարությունը որոշել է միանալ բարեփոխումների փաթեթին աջակցողներին։




























