Բրազիլիայի Լապա դու Շանտու քարանձավում գիտնականները գլխատման միջոցով իրականացված ծիսական մահապատժի հետքեր են հայտնաբերել։ Ընդ որում, նրանք նշում են, որ զոհը հնադարյան որսորդներից է եղել, որոնք տարածաշրջանում ապրել են 9 հազար տարի առաջ։ Այս մասին հաղորդվում է PLoS One ամսագրում։
Մարդաբանների տվյալներով՝ Լապա դու Շանտու քարանձավում մարդիկ բնակվում էին 12 հազար տարի առաջ։ 2007թ. պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել էին մարդկային գանգ, ծնոտ, վզի 6 ող եւ 2 կտրված ձեռք։ Աճյունը պատկանում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակում ապրած հին քարի դարի բնակչին։ Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ հանգուցյալի կտրված ձեռքերի ոսկորները հավասար դրված են եղել նրա դեմքին, իսկ ծնոտի եւ վզի ողերի վրա հարվածի հետքեր են հայտնաբերվել, փոխանցում է Lenta-ն։
Համեմատելով ոսկորները քարանձավի այլ բնակիչների մնացորդների հետ՝ մարդաբանները եկել են այն եզրակացության, որ հանգուցյալը, ամենայն հավանականությամբ, տեղի ցեղերից մեկի անդամ է եղել։ Այդ հանգամանքը, ինչպես նաեւ աճյունի մնացորդների դասավորվածությունը հիմք են տալիս կարծել, որ հին քարի դարի հնդկացին սպանվել է հատուկ ծիսակարգով, այլ ոչ թե սպանվել է գերի ընկած թշնամու պես։




























