Կինը, որը կարող է դառնալ դալայ լամայի տիտղոսի ժառանգորդը, պետք է լինի «շատ գրավիչ», հայտարարել է դալայ լաման: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Հարցին, թե հնրավո՞ր է, որ իրեն կին փոխարինի, Տիբեթի բուդդիստների հոգեւոր առաջնորդը ոգեւորված պատասխանել է՝ այո, հնարավոր է: Նա հավելել է, որ երկու տարի առաջ մեկ այլ հարցազրույցի ժամանակ ինքը հայտարարել է, որ կինը դալայ լամայի դերում լավ քայլ կլինի «մեր անհանգիստ աշխարհում», քանի որ իգական սեռը «սեր ու կարեկցանք ցուցադրելու կենսաբանորեն ավելի մեծ ներուժ ունի»:

Այնուհետեւ դալայ լաման խոնարհվել է լրագրողների առջեւ եւ ժպիտով հավելել, որ այն ժամանակ հարցազրույցում ասել է. «Եթե նա կին լինի, նրա դեմքը պետք է շատ գրավիչ լինի»:

Լրագրողի դիտարկմանը, թե «ենթադրում եմ, դուք կատակում եք, թե՞ չեք կատակում», Տիբեթի բուդդիստների առաջնորդը պատասխանել է, որ դա ճշմարտություն է:
Ներկայումս 14-րդ Դալայ լաման 80 տարեկան է, նա հանդես է գալիս Տիբեթի անկախության օգտին, որի պատճառով Չինաստանը բացասաբար է վերաբերում նրան:

Տիբեթում բուդդիստական ավանդույթների համաձայն մոտ 90 տարեկանում դալայ լաման բուդդիզմի այլ առաջնորդների հետ միասին կորոշի, թե ով է լինելու իր ժառանգորդը՝ 15-րդ դալայ լաման: