Նմանատիպ անատամ հայտարարություններ անելով՝ ԵԱՀԿ-ն չի նպաստում խաղաղության ստեղծմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵԱՀԿ-ի վերջին հայտարարությանն այսպես արձագանքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«ԵԱՀԿ-ն շատ լավ է պատկերացնում, թե որ կողմին է ձեռնտու սահմանին իրավիճակի սրացումը, եւ դա Ադրբեջանն է: Իրենք նմանատիպ անատամ հայտարարությամբ որեւէ կերպ չեն նպաստում խաղաղության ստեղծմանը կամ առնվազն մեղավորի անունը տալուն»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահներն անազնիվ են վարվում:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կողմերից առնվազն երկուսը՝ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են ցանկացած մեխանիզմների ներդրման. «Եթե ԵԱՀԿ-ն խոսում է մեխանիզմների մասին, պետք է նշի անպայման, թե ում պատճառով դրանք չեն գործում, քանի որ հայկական կողմը համաձայն է եւ պատրաստ է օգնել այդ մեխանիզմների կիրառման համար»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք չենք կարող վստահաբար որոշել՝ որտեղից է ծագել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները»: