Յուրաքանչյուր 8-9 ժամը մեկ Համաշխարհային օվկիանոսում մարդասպան ալիք է առաջանում, որի բարձրությունն ավելի քան 2 անգամ գերազանցում է մյուս ալիքներին: Ի տարբերություն ցունամիի՝ այն հստակ աղբյուր չունի: Սեւաստոպոլում անցկացված Երիտասարդ գիտնականների առաջին համաշխարհային ֆորումի ժամանակ ներկայացրած զեկույցում այս մասին ասել է ռուսաստանի գիտնական Իրինա Դիդենկուլովան:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, մարդասպան-ալիքների մասին հիշատակումներ կան Հին Հունաստանի առասպելներում եւ Կոլումբոսի հուշերում: Բայց այդ երեւույթի ուսումնասիրությունը սկսվել է 1955 թվականին, երբ Նորվեգական ծովում 26 մետր բարձրությամբ ալիք է գրանցվել, որը կործանել է նավթարդյունահանման հարթակը:
1968-1994 թվականների ծովային աղետների վերլուծությունը ցույց է տվել, որ այդպիսի ալիքների պատճառով 22 նավ է կործանվել: Ամենամեծ արձագանքը ստացել է 2010 թվականին Մարսելից ոչ հեռու «Լյուիս Մաժեստիկ» նավի կործանումը:
Գիտնականներն առայժմ տեսություններ են առաջադրում: Նրանք ենթադրում են, որ այդ երեւույթը կարող է կապված լինել ծովային հոսանքի հետ ալիքների փոխազդեցության հետ:




























