Սպասք լվանալն օգնում է ազատվել կպչուն մտքերից, թուլանալ եւ հանգստացնում է նյարդերը: Նման կարծիք են հայտնել Ֆլորիդայից հետազոտողները:

Ըստ Informing-ի, իրենց տեսությունն ապացուցելու համար գիտնականները շուրջ 20 տարեկան 51 ուսանողի մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել, որոնց երկու խմբի են բաժանել: Մի խմբին խնդրել են կարդալ սպասք լվանալուց ստացած զգացողությունների մասին, իսկ մյուս խմբին՝ սպասք լվանալու կանոնների: Այնուհետեւ նրանց խնդրել են կարդացածը վերաշարադրել բանավոր եւ գրավոր, իսկ հետո յուրաքանչյուր կամավոր 18 մաքուր ափսե է լվացել:

Արդյունքում պարզվել է, որ գիտակցաբար սպասք լվացողների մոտ նյարդայնության մակարդակը 27%-ով նվազել է, 25%-ով էլ բարձրացել է ոգեշնչման մակարդակը:

Գիտնականները դա գիտակցաբար անելը համարում են մեդիտացիայի տարածված ձեւ, որը կարգի է բերում մտքերն ու հանգստացնում նյարդերը՝ թույլ տալով կենտրոնանալ որեւէ օբյեկտի ուղղությամբ: Ֆլորիդացի մասնագետների տեսության հետ համաձայն են նաեւ Չիկագոյից հետազոտողները, որոնք համարում են, որ տնային գործերը բարենպաստ ազդեցություն են ունենում առողջության վրա եւ կանխում են հնարավոր հաշմանդամությունը: