Դոնեցկի «Մետալուրգը», որի գույները պաշտպանում են Հայաստանի հավաքականի առանցքային երկու կիսապաշտպաններ Հենրիկ Մխիթարյանն ու Արարատ Առաքելյանը, Եվրոպայի լիգայի չորրորդ փուլի առաջին խաղի ընթացքում սեփական հարկի տակ հանդիպել է ավստրիական «Աուստրիա»-ի հետ։ Խաղն ավարտվել է մարտական ոչ-ոքիով (2։2), ընդ որում տանտերերը հավասարեցրել են հաշիվը արդեն մրցավարի ավելացրած ժամանակում։
Մխիթարյանն անց է կացրել ողջ հանդիպումը և մասնակցել իր թիմի գրեթե բոլոր գրոհներին։ Մրցակիցը երկու անգամ դեղին քարտ է ստացել հայ կիսապաշտպանի պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է Առաքելյանին, ապա նա այդպես էլ դաշտ դուրս չի եկել, չնայած, որ պահեստայինների կազմում էր։
Պատասխան խաղում, որը տեղի կունենա մեկ շաբաթ հետո Ավստրիայում, «Մետալուրգ»-ին հարկ կլինի հաղթել՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլ անցնելու համար։




























