Այսօր` օգոստոսի 27-ին նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Հաղորդագրության մեջ, նա, մասնավորապես նշում է, որ օգոստոսի 26-ին ժամը 10:20-ի սահմաններում փորձել է մտնել Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք` ունկնդրելու Դ. Քիրամիջյանի եւ Ս. Գեւորգյանի դատը, սակայն դատական կարգադրիչները արգելել են մտնել շենք` պատճառաբանելով, որ մինչեւ ընդմիջում չի թույլատրվում մտնել դատարան:

«Ես կարգադրիչներին խնդրեցի ինձ ցույց տալ այն կանոնակարգը կամ որոշումը, որը պահանջում է դա: Նրանք ասացին` դա գոյություն չունի, եւ պարզապես դա դատավորի բանավոր ցուցում է: Իսկ քանի որ որեւէ օրենքով, այդ թվում եւ քրեադատավարական օրենքներով սահմանված չէ դատավորի իրավասությունը դատարանի շենք մուտք գործելու- չգործելու կապակցությամբ, ուստի ես համարելով կարգադրիչների պահանջը անօրինական մուտք գործեցի դատարանի շենք: Այդ ընթացքում դատական կարգադրիչները փորձեցին բռնել-պահել իմ ձեռքը եւ արգելակել ինձ, ինչը ես թույլ չտվեցի գոչելով , որ դրա իրավունքը իրենք չունեն: Քիչ հետո կարգադրիչների ղեկավարը ( կարծում եմ ոմն Փիլոսյան) դատարանի աստիճանների վրա ինձ քաշեց, հրեց , վայր գցեց եւ մյուս կարգադրիչների հետ միասին քարշ տալով հանեց դատարանի շենքից դուրս»,-հաղորդագրության մեջ նշել է Վարդգես Գասպարին:

Նախկին քաղբանտարկյալը պահանջում է քրեական գործ հարուցել եւ պարզել թե ի՞նչ իրավական հիմքով են Կենտրոնի դատարանի կարգադրիչներն իրեն արգելել մուտք գործել դատարանի շենք, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել իր նկատմամբ ուժ գործադրած , իրեն հրող, աստիճանների վրա վայր գցող, եւ ապօրինաբար դատարանի շենքից բռնի հեռացնող անձանց նկատմամբ:

Նա ընդգծել է, որ այդ գործողությունների արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ ձախ թեւի, թիկունքի եւ հատկապես գլխի մասում եւ խնդրում է տրամադրել ուղեգիր դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար: