Կատուներն ունակ են հասկանալ տերերի դեմքի արտահայտությունը: Ամերիկյան Ռոչեսթերի Օքլենդյան համալսարանի գիտնականներ Մորիա Գալվանն ու Ջենիֆեր Վոնկն ուսումնասիրել են 12 կատուների եւ նրանց տերերի պահվածքը:
BBC-ի փոխանցմամբ, գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիներն իրենց տարբեր կերպ են պահում՝ կախված այն հանգամանքից, տերը ժպտում է, թե՞ մռայլ տեսք ընդունում:
Երբ տերը ժպտում է, կատուն սովորաբար «դրական» պահվածք է դրսեւորում. մլավում է, փորձում բարձրանալ տիրոջ ծնկներին: Կենդանիները ցանկացել են տերերի կողքին գտնվել ավելի շատ այն ժամանակ, երբ նրանք լավ տրամադրություն են ունեցել:
Պատկերը բոլորովին փոխվել է, երբ 12 կատուները ժամանակ են անցկացրել անծանոթ մարդկանց հետ: Այդ դեպքում նրանք միանման դրական պահվածք են դրսեւորել՝ անկախ այն հանգամանքից, մարդը ժպտացել, թե մռայլվել է:
Ստացված արդյունքները վկայում են երկու բանի մասին. կատուները կարող են կարդալ մարդու դեմքի արտահայտությունը եւ դա սովորում են երկարատեւ ժամանակահատվածում:



























