Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, Ռուսաստանը Հայաստան-ԵՄ բազմակողմանի, սակայն բավական սահմանափակ հարաբերությունների ձեւաչափը անգամ աշխարհաքաղաքական առումով չի դիտարկի որպես սպառնալիք։ Այս մասին հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական փաստաթուղթը իրականում կլինի Ասոցացման համաձայնագիր «lights»։ «Այսինքն՝ այն կներառի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բլոկի հարցերը։ Բացառություն կլինեն տնտեսական կամ մաքսային դաշտի այն կետերը, որոնք այդ պահին անհամադրելի կլինեն։ Համաձայնագրի մեջ կներառվեն նաեւ արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել՝ միաժամանակ չհակասելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությանը»,- ընդգծել է Սերգեյ Մինասյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր արձագանքին՝ քաղաքագետը նշեց. «Չեմ կարծում, որ այդ պահին Ռուսաստանը լուրջ անհանգստություններ ունի։ Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանը ինքն է հետաքրքրված Եվրամիության հետ համագործակցության նոր եզրեր գտնելու հարցում, եւ Հայաստանի օրինակը կարող է լավ տարբերակ դառնալ այն բանի, որ գոնե տեսականորեն կարելի է խոսել ԵՏՄ-ԵՄ քաղաքական կամ տնտեսական համաժամանակեցման մասին»։




























