Գիտնականները պնդում են, որ պարգեւատրումն ու քունն օգնում են ստացված տեղեկությունը «փոխադրել» ուղեղի այն հատված, որտեղ ձեւավորվում է երկարաժամկետ հիշողությունը: Արդյունքում մարդն ավելի լավ է հիշում նոր փաստերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում:

Ըստ Gazeta.ru-ի փոխանցմամբ, փորձին 31 մարդ է մասնակցել: Նրանց 2 խմբի են բաժանել, այնուհետեւ նկարներ ցուցադրել ու խնդրել հիշել դրանք: Կամավորներին տեղեկացրել են. եթե կարողանան 4 եւ ավելի նկար հիշել, պարգեւ կստանան:

Պատկերները հիշելու փորձից հետո առաջին խմբի կամավորներին թույլատրել են 1.5 ժամ քնել, իսկ մյուս խումբն այդ ընթացքում հանգստացել, բայց չի քնել:

Փորձի արդյունքում պարզվել է. որքան մեծ է եղել խոստացված պարգեւը, այնքան մեծ թվով նկարներ են հիշել կամավորները: Բացի այդ, փորձից հետո քնելու հնարավորություն ունեցած մարդիկ ավելի լավ արդյունքներ են գրանցել: