Կանադայի Տորոնտո քաղաքում, հոկտեմբերի 18-ին, կայացել է «Հայաստան» հիմնադրամի` Արցախի զարգացմանն ուղղված ամենամյա դրամահավաքը՝ Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգեւոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Երեկոյի պատվո հյուրն էր Դադիվանքի, իսկ նախկինում` Գանձասարի հոգեւոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով իր խոսքում վերհիշեց դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից:
Դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում նշեց, որ հայ ազգն այսօր իր ուրույն ներդրումն ունի ինչպես հայրենիքի, այնպես էլ աշխարհի շատ երկրների զարգացման գործում, իսկ Հայաստանն ու Արցախը մեծ նվաճումներ են արձանագրում ամենատարբեր ոլորտներում: «Մեծապես կարեւորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը` թույլ տվե՛ք առանձնացնել վերջինիս Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, որը տարիներ շարունակ ապացուցում է իր ուժը, տոկունությունը եւ մեծ հաջողությունների հասնելու կարողությունը», - նշեց դեսպանը:
Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան 700 հազար դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Արցախի զարգացմանը միտված մի շարք կարեւոր ծրագրերի իրագործմանը:





























