Իտալիայի ափերին է տեղակայված աշխարհում առաջին ստորջրյա բանջարանոցը «Nemo’s Garden»-ը, որտեղ կանաչեղեն, ելակ, ոլոռ եւ այլ բույսեր են աճեցնում:  Ֆերման իրենից ներկայացնում է ծովի հատակին՝  6-12  մետր խորության վրա ամրացված թափանցիկ գնդեր, որոնցում անհրաժեշտ միկրոկլիմա եւ լուսավորություն է ապահովվում:   Նախագծի ղեկավար Լուկա Կաբերինին ասել է, որ ստորջրյա ֆերմայի գաղափարը ծագել է որպես Իտալիայի հարավում ֆերմերների բազմաթիվ  խնդիրները լուծելու միջոց:

Այդ խնդիրներից են չափից ավելի տաք ու անկայուն կլիման, ջրի եւ արգավանդ հողի պակասը:  Ջրի տակ ջերմության տատանումներն աննշան են, խոնավությունը պահպանվում է   83%-ի մակարդակում, ածխաթթու գազի խտությունը շատ բարձր է. դրանք շատ բույսերի համար իդեալական պայմաններ են: Քաղցրահամ ջուրը գնդերի պատերին է հավաքվում, որպես կոնդենսատ եւ բավարար է բույսերը ջրելու համար:   Առափնյա ջրերում բանջարեղեն, հատապտուղներ եւ կանաչեղեն աճեցնելու հեռանկարն այժմ ուսումնասիրվում է հինգ փորձարարական գունդ-ֆերմայի հետազոտման միջոցով, որոնց հետեւում են սուզորդները: Միկլոկլիմայի մասին բոլոր տվյալներն իրական ժամանակում հասնում են կառավարման վահանակին, տեղեկացնում է  Kedem-ը: