NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, «Հայկ» կինոստուդիայի տնօրեն, հայտնի ռեժիսոր-կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցի հետ

Պարոն Գեւորգյանց անցած շաբաթ, երբ զանգեցի հարցազրույցի համար պայմանավորվելու, ասացիք, որ հիվանդանոցում եք։ Վատառո՞ղջ եք, ի՞նչ որ բան է պատահել։

Ես շատ հիվանդություններ ունեմ ուղղակի պառկել էի վերստուգման, ինսուլտ եմ տարել, սրտի օպերացիա, հիմա էլ շաքարախտ ունեմ։

Ռեժիսորներից ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը։

Դժվար հարց է։ Կարծում եմ, որ իմ ուսուցիչը եղել է մեր ընտանիքը։ Հայրս կինոռեժիսոր էր եւ մեր տուն էին գալիս բոլոր կինոմատոգրաֆիստները։ Մորս կողմից էլ ռեժիսոր բարեկամներ ունեմ։ Սկզբնական շրջանում ինձ շատ է օգնել նաեւ ռեժիսոր, ժողովրդական դերասան Գրիգոր Մելիք-Ավագյանը։

Ձեր տղաները եւս ռեժիսոր են, իրենց ընտրությունն էր, թե՞ հայրիկի խորհուրդը։

Ոչ միայն երկու տղաներս, եղբայրս էլ է ռեժիսոր, թոռս էլ նոր ընդունվեց վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Ոչ ոք իմ խորհրդով չի դարձել ռեժիսոր։ Տղաներս դեռ այն գլխից էին մտածում ռեժիսոր դառնալու մասին, իսկ թոռնիկս… Ես ուզում էի, որ թոռս փաստաբան դառնար, գնաց մի կես տարի սովորեց, հետո եկավ ասաց, որ չի կարող, իրեն կինոյի մեջ է տեսնում։

«Կինոգործիչների միության», «Հայֆիլմի» նախագահ , «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի տնօրեն , ժամանակ մնու՞մ է ընտանիքի համար։

Ես անընդհատ զբաղված եմ, նույնիսկ երբ տուն եմ գալիս զանգերի եմ պատասխանում, հանդիպումներ են լինում եւ այլն եւ այլն։ Մինչեւ ուշ երեկո զբաղվում եմ դրանցով։ Մեր կուսակցությունը ճակատ է ստեղծել մեկ այլ ազգայնական կուսակցության «Մեկ ազգի» հետ եւ հակաաղանդաավորական քարոզչություն ենք իրականացնում։ (Խմբագրության կողմից. Հավանաբար տեսած կլինեք սյուներին կպցրած պաստառները, «Զգուշացեք Եհովայի վկաներից»)։ Կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է, քանի որ հայերը շատ օտարամոլ են։ Մենք ուզում ենք բոլորս ազգայնական լինենք, որ ազգայինը մի քիչ շատ լինի։ Եթե մենք մեր ազգային դեմքը կորցնենք, մենք կորցնելու ենք ամեն ինչ։

Իսկ ընդհարապես, ըստ ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի մտավորականների դիրքորոշումը քաղաքական հարցերում՝ հատկապես նկատի ունենալով վերջին մեկ տարվա քաղաքական զարգացումները։

Իհարկե առաջադեմ պետք է լինի մտավորականությունը, պետք է հարցը տարբեր կողմերից շատ լավ ուսումնասիրի, (նկատի ունեմ հենց մարտի 1-ի դեպքերը) եւ չսահմանափակվի միայն էմոցիոնալ ժեստերով։ Ես իշխանամետ չեմ, բայց պետականամետ եմ։ Դեմ եմ այն մարդկանց, որոնք գոչում են ժողովրդավարություն եւ քանդում են պետությունը։

Երբ կինոյից չեք խոսում, ինչի՞ց եք խոսում։

Բամբասում ենք քաղաքականությունից, խոսում ենք գրականությունից, թատրոնից, ամեն ինչից։

Ներկայումս որեւէ ֆիլմ նկարու՞մ եք։

Հիմա նկարում եմ մի բարդ ֆիլմ, որը կոչվում է «Կանանց մոլորակ»։ Ուզում եմ այսպիսի մի ֆիլմ-հետազոտություն անել, ուզում եմ հասկանալ, թե կին էակն ինչ է իրենից ներկայացնում եւ ինչքանով է ինքը բարձր տղամարդուց։ Այս ֆիլմով հատկապես տղամարդկանց ուզում եմ ասել, որ կանանց մոլորակը դուք դեռ չգիտեք։ Մի կարծեք, թե գրավել եք։ Ահագին նկարել եմ, նախատեսում եմ ավարտել մյուս տարի։

Ես արդեն նկարել եմ քսան կանանց մենախոսություններ։ Ուզում էի, որ ամեն մեկը խոսի իր սիրո մասին, թե ինչպես է ինքը սիրել։ Խոսում են, բայց մի քիչ կաշկանդված հայ կանայք են ու ոչ ամբողջությամբ անկեղծ։

Հանգստանալու արդեն գնացե՞լ եք, թե դեռ գնալու՞ եք։

Ես վերջին անգամ հանգստանալու գնացել եմ 25-30 տարի առաջ։ Ինձ համար հանգստանալը դա աշխատանքն է։ Բայց հիվանդանոց պառկելուց հետո գիտակցում եմ, որ գոնե մի 10 օր օրգանիզմիս հանգիստ է պետք։