Միջնադարում քաղաքաբնակներն ու բնակչության հարուստ խավը տառապում էին արճիճով քրոնիկ թունավորումից։ Նրանք օգտագործում էին կավե սպասք, որի մեջ պարունակվող արճիճը հայտնվում էր օրգանիզմում։ Այս մասին վկայում է Դանիայի եւ Հյուսիսային Գերմանիայի 6 գերեզմանոցների 207 կմախքների քիմիական անալիզը։ Նոր հետազոտությունը հրապարակվել է Journal of Archaeological Science ամսագրում։
Միջնադարում քաղաքաբնակները կարող էին իրենց թույլ տալ ուտել եւ խմել ջնարակապատ կավե ամաններով, որը հեշտ էր լվանալ։ Սակայն ջնարակը պարունակում էր արճճի օքսիդ, որը աղի եւ թթու սնունդ օգտագործելիս լուծվում էր ուտելիքի մեջ։
Միջնադարյան քաղաքաբնակների ոսկորներում արճճի խտությունը զգալի գերազանցում է նորման։ Իսկ գյուղացիները չէին օգտվում ջնարակած սպասքից, ինչպես նաեւ տանիքները կառուցելիս արճիճ չէին օգտագործում, ինչն ընդունված պրակտիկա էր քաղաքաբնակների մոտ։ Իսկ խմելու ջուրը հիմնականում հավաքում էին տանիքից, փոխանցում է Lenta-ն։





























