Սոչիի կենդանաբանական այգում շունը կերակրում է վագրի նոր ծնված երեք ձագերի: Ձագերը լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 18-ին «Օկտյաբրսկի» առողջարանում: Երկուսը աղջիկ են, մեկը տղա՝ 1.2-1.3 կգ քաշով: Նրանց ծնողները Բատիրն ու Բագիրան են: «Հիմա փոքրիկներին խնամում է եւս մեկ երիտասարդ մայրիկ՝ Իզի անունով շունը»,- հայտնում է առողջարանի կայքը:
Իզին ինքն էլ չորս քոթոթ ունի, բայց վագրի ձագուկներին էլ է իրենը համարում: Երբ կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են Բագիրայի ձագերին վերցնել զննելու համար, Իզին «լրջորեն մտահոգվել էր»:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», սա առաջին դեպքը չէ, որ էգ վագրը հրաժարվում է կերակրել իր ձագերին, ու կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են լինում կերակրող մայր գտնել: Այս անգամ վագրի ձագերի համար կերակրող մայրն է դարձել խառնածին հովվաշուն Իզին, որին գտել էին Դագոմիսյան բուժարանում:







































