ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Բնության հետ ներդաշնակ» զեկույցի տվյալների համաձայն, որը Բան Կի Մունը ներկայացրել է Գլխավոր վեհաժողովի երկրորդ հանձնաժողովի պատվիրակների քննարկման ժամանակ, գիտնականները «վեցերորդ անհետացում» են կանխատեսում, որը սպառնում է Երկիր մոլորակին եւ ամբողջ մարդկությանը:
Informing-ի փոխանցմամբ, մասնագետներն այն համեմատում են 66 մլն տարի առաջ դինոզավրերի զանգվածային անհետացման հետ: Միայն թե այդ երեւույթների պատճառները տարբեր են. եթե հնագույն կենդանիներն անհետացել են աստերոիդների ընկնելու պատճառով, ապա մեր օրերում կենդանի ամեն ինչի անհետացման պատճառ կարող է դառնալ մարդկության գործունեությունը:
Մասնավորապես, զեկույցի համաձայն, դեռեւս 1950-ականներին մասնագետները զգուշացնում էին մթնոլորտում ջերմոցային գազերի թվի արագ ավելացման, ինչպես նաեւ անտառների, առանձին կենդանատեսակների, բույսերի եւ միջատների կործանման մասին: Մասնագետները բազմիցս ասել են նաեւ, որ մարդը նույնպես անհետացման վտանգի առջեւ է:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքով, XXI դարի սկզբին մարդկությունը հնարավորություն ունի վերականգնել բնության հետ հարաբերությունները:





























