Ընտանիքում լավ հարաբերություններ պահպանելու լավագույն միջոցը ոչ թե թանկ նվեր գնելն է կամ էլ հոգեբանների այցելելը, այլ հարազատ մարդուն շնորհակալություն հայտնելը:
ԱՄՆ Ջորջիայի համալսարանի գիտնականների թիմը հետազոտություն է արել ու հանգել այն եզրակացության, որ ընտանիքում հարաբերություններ շտկելու տեսակետից շատ օգտակար է զուգընկերոջը երախտագիտություն հայտնելը, գրում է The Daily Mail պորտալը:
Հետազոտությանը մասնակցել է 468 ամուսնացած մարդ: Հոգեբանները մանրակրկիտ հարցաքննել են կամավորներին նրանց ընտանեկան հարաբերությունների, ֆինանսական խնդիրների ու այն մասին՝ արդյոք նրանք շնորհակալ են իրենց երկրորդ կեսին:
Ինչպես հայտնաբերել են մասնագետները, նույնիսկ եթե զույգի հարաբերություններում լավագույն ժամանակները չեն ու նրանք հաճախ են գժտվում, շնորհակալություն հայտնելը կարող է շտկել իրավիճակը: Քանի որ այն զգացողությունը, որ քո սիրեցյալը քեզ գնահատում է, անմիջապես անդրադառնում է զուգընկերների վարքագծի վրա, ազդում նրանց զգացմունքների ու իրենց միությունը պահելու նրանց ձգտման վրա, ասում է Թեդ ֆութրիսը՝ հետազոտության համահեղինակ, հայտնում է Informing-ը:
Հոգեբանների կարծիքով՝ հարազատներին ամեն օր շնորհակալություն ասելն ամենեւին էլ ավելորդ չէ, չէ՞ որ նրանք պետք է հասկանան, որ դուք գնահատում եք նրանց հոգածությունը, օգնությունը՝ թեկուզ եւ շատ փոքրիկ:
«Մենք կարծում ենք, որ սա շատ գործնական ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ամուր պահել իրենց ընտանիքը ու միաժամանակ հմուտ հռետորներ չեն ու ոչ միշտ են կարողանում նորմալ շփում պահպանել»,- ասում են գիտական աշխատության հեղինակները:
Ինչպես նշում են հոգեբանները, նման հարգանքն ու երախտագիտության դրսեւորումը մեծամասամբ փրկում է նույնիսկ այն զույգերին, որոնք հաճախ են վիճում ֆինանսական դժվարությունների պատճառով: Ամուր ամուսնությունները ոչ ամուրներից հիմնականում տարբերվում են նրանով, թե մարդիկ իրենց ամենօրյա կյանքում ինչպես են վերաբերվում միմյանց, ասում են գիտնականները:





























