Superjob.ru հետազոտական պորտալի փորձագետները պարզել են, թե ռուսաստանցիներից  ով է ուրիշներից ավելի երկար մնում աշխատանքի վայրում: 

Հարցմանը մասնակցածների 26 տոկոսի կարծիքով իրենց համար բնական է այն իրավիճակը, երբ համարյա ամեն օր սովորականից երկար են մնում աշխատավայրում:  Մասնակիցների 21 տոկոսը աշխատաժամի ավարտից հետո աշխատավայրում մնում է շաբաթը մի քանի անգամ, եւս 21 տոկոսը՝ ամիսը մի քանի անգամ, 12 տոկոսը՝ տարին մի քանի անգամ: Աշխատողների 14 տոկոսը երբեք պահանջվածից երկար չի մնում աշխատավայրում: 

Այն աշխատողների թվում, որոնք գրեթե ամեն օր ստիպված են աշխատաժամի ավարտից հետո մնալ աշխատավայրում, ամենից մեծ թիվ են կազմում  25-ից  34 տարեկան ռուսաստանցիները եւ մարդիկ, որոնք ամիսը  45 հազար ռուբլուց բարձր են ստանում, համապատասխանաբար՝  29 տոկոսը եւ 31 տոկոսը:

Նշվում է, որ տղամարդիկ աշխատավայրում ավելի հաճախ են մնում, քան տղամարդիկ: 29%-ը համարյա ամեն օր է մնում աշխատավայրում,   23%-ը՝ շաբաթը մի քանի անգամ: Կանանց մոտ այդ ցուցիչը կազմում է համապատասխանաբար  23%  եւ 19%: Աշխատավայրում երբեք երկար չի մնում տղամարդկանց  11%-ը եւ կանանց    16%-ը, տեղեկացնում է Գազետան:

«Ամենից հաճախ ամուսնացած տղամարդիկ են ստիպված լինում մնալ աշխատավայրում (34%) եւ երեխա ունեցող տղամարդիկ (35%)», – ասվում է հաղորդագրության մեջ:  Երեխա ունեցող կանայք ավելի հաճախ են ստիպված երկար մնալ աշխատավայրում, քան երեխա չունեցողները, համապատասխանաբար՝ 26%  եւ 20%:

Ռուսաստանցիների 59%-ի խոսքով, իրենք համամիտ են   «Կարելի է երբեմն երկար մնալ, բայց լավ է դա կյանքի նորմ չդարձնել» սկզբունքին: Ամեն երրորդը համարում է, որ անհրաժեշտ է ժամանակին դուրս գալ աշխատավայրից  եւ հասցնել ամեն ինչն անել աշխատաժամի ընթացքում:  8%-ի կարծիքով աշխատանքը կյանքի շատ կարեւոր մասն է եւ անհրաժեշտ է աշխատանքից հետո երկար մնալ եւ/կամ տանը շարունակել գործը:  

Հետազոտությանը ռուսական բոլոր շրջաններից  1,6 հազար մարդ է մասնակցել: