Ամերիկյան Ատլանտա նահանգից 63-ամյա Էլեն Էքտորը Instagram-ի աստղ է դարձել այն բանից հետո, երբ վերաորակավորվել է որպես ֆիթնեսի մարզիչ եւ սեփական դասընթացներն է տեսագրել, տեղեկացնում է BuzzFeed-ը: Սոցցանցի նրա հաշվին ավելի քան 95 հազար օգտատեր է բաժանորդագրվել: Դստեր՝ Լանայի հետ միասին նա DVD-սկավառակ է թողարկել «Սեւամորթ աղջիկներն էլ են մարզվում» (Black Girls Workout Too) վերնագրով, որի ֆիթնես-վարժությունները սոցցանցերում հիթ են դարձել:
Ինչպես նշում է BuzzFeed-ը, Էկտորի առաջարկած գրեթե բոլոր վարժությունները կարելի է կատարել առանց հատուկ սարքավորումների: Ֆիթնեսի մարզչի կարծիքով, ինքն ուզում էր այդ սպորտաձեւը մատչելի դարձնել այն կանանց համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մարզասրահի բաժանորդագրություն գնել:
Instagram-ում հինգ երեխայի մայրը կոչ է անում «սեփական մարմինը աղբանոց չդարձնել», տեղեկացնում է Lenta-ն:
Էլենը չորս թոռ ունի: 2009-ին սոցիալական աշխատողի 20-ամյա կարիերայից հետո նա որոշել է փոխել իր գործունեության ոլորտը: «Ինքս ինձ ասացի, որ կամ ֆիթնեսի մարզիչ կդառնամ կամ մնացած ամբողջ կյանքում ստիպված կլինեմ ինչ-որ մեկի համար աշխատել», — նշել է կինը:
Մոր մահից հետո (արգանդի քաղցկեղից) Էլենը սկսել է սպորտով զբաղվել եւ առողջ ապրելակերպ քարոզել: Ինչպես գրում է BuzzFeed-ը, 20 տարեկանից մեծ սեւամորթ կանանց 57,6 տոկոսը տառապում է ճարպակալությունից, ինչն իր հերթին մեծացնում է արգանդի քաղցկեղի վտանգը:
Էլենը նաեւ սեփական մարզական ակումբն է ստեղծել եւ թարմ քամված հյութերի եւ սմուզիների արտադրության ընկերությունը:
































