Չինաստանի Չժեցյանի համալսարանի պրոֆեսոր Սե Ձոշին ողջ երկրում բուռն քննարկումների առիթ է տվել՝ հայտարարելով, որ աղքատ տղամարդիկ կարող են կիսել իրենց կանանց մյուսների հետ, որպեսզի ուղղեն գենդերային անհավասարակշռությունը:

Չինաստանում 100 աղջկան բաժին է ընկնում է 118 տղա, ինչն աշխարհում գենդերային անհավասարակշռության ամենավառ օրինակն է:

Գիտնականի կարծիքով՝ դրա պատճառը Չինաստանի վարած «Մեկ ընտանիք մեկ երեխա» քաղաքականությունն է, որը ավանդույթների պատճառով նախապատվությունը տվել է տղաներին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Չինաստանում կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության աշխատակից Ձին Սյունը դատապարտել է տնտեսագետի առաջարկը՝ որակելով այն սեքսիստական:

«Այդ  խնդիրն առաջացել է ավանդույթների պատճառով, որոնք տղամարդուն կնոջից վեր են դասում: Հիմա լուծում է առաջարկվում՝ նորից ուշադրությունը կենտրոնացնելով տղամարդու կարիքների վրա: Դա ծիծաղելի է», - հայտարարել է իրավապաշտպանը:

Սակայն պրոֆեսոր Սե Ձոշին պնդում է, որ 2020թ. Չինաստանում կլինի 30-40 հազար միայնակ տղամարդ: Տնտեսագետը նշում է, որ աղքատ տղամարդիկ կարող են հաջողությամբ ամուսնանալ Աֆրիկայից եւ Հարավարեւելյան Ասիայից ժամանող ներգաղթյալ կանանց հետ: