Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ երբ ամուսիններից մեկը սկսում է գիրանալ, զուգընկերոջ մոտ ճարպակալման վտանգը մեծանում է մոտ   2 անգամ: Մասնագետները   1987-1989-ին եւ 2011-2013-ին հետեւել են մոտ   4000 զույգի, պատմում է The Daily Mail-ը:

Հետազոտության սկզբում տղամարդկանց  23%-ը եւ կանանց  25%-ը տառապել է ճարպակալումից: Հետազոտությունը  ցույց է տվել, որ եթե կինը գիրանում է, ամուսնու ճարպակալման վտանգը մեծանում է  78%-ով:  Իսկ երբ ամուսինն էր ավելորդ քաշ կուտակում, կնոջ ճարպակալման ռիսկը մեծանում էր 89%-ով: Հետազոտության ընթացքում շատ չէին այն մասնակիցները, որոնք  հասցրել էին բավականաչափ նիհարել այլեւս գեր չհամարվելու համար, սակայն եթե նրանք նիհարում էին, զուգընկերները եւս նիհարում էին, տեղեկացնում է  MedDaily-ին:

Հետազոտողների խոսքով, ամուսնական զույգը ժամանակի ընթացքում ընդհանուր սովորույթներ է ձեռք բերում:  Նրանք նմանատիպ կենսակերպ են ունենում, դրա համար էլ  երբ զուգընկերներից մեկը գիրանում է, մյուսը հաճախ հետեւում է նրա օրինակին:  Մասնագետները հավելում են, որ երբեմն հնարավոր է փոխվել ոչ միայն դեպի վատը, այլեւ՝ լավը:  Այսպես օրինակ՝ Բլումբերգի հանրային առողջության  դպրոցի գիտնականները պարզել են, որ ամուսինները կարող են իրար ներշնչել  սպորտով զբաղվել։