«Իսլամական պետության» գործողություններն ու դրա դեմ պայքարն անմիջական կապ ունեն մեր տարածաշրջանի հետ. ամենացավոտ թեման ղարաբաղյան հակամարտության առկայությունն է ու այն որպես կրոնական հակամարտություն ներկայացնելու Ադրբեջանի փորձերը: Այս մասին հոկտեմբերի 28-ին «Միջազգային ահաբեկչությունն ու «Իսլամական պետության» սպառնալիքները տարածաշրջանում» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, Հայաստանի համար երկրորդ սպառնալիքը Թուրքիայի հետ հարաբերություններում է քողարկված: «Մենք Թուրքիայի կողմից անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում ենք, քանի որ տարիներ շարունակ թուրքական պետությունը շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Շրջափակումը պատերազմի տարրերից մեկն է: Բոլորս էլ գիտենք, որ այսպես կոչված «Ազատ սիրիական բանակին» հենց Թուրքիայում են վարժեցրել ու Սիրիա ուղարկել»,- շեշտել է Վաղարշակ Հարությունյանը: Նրա կարծիքով Սիրիայի կառավարության դեմ պայքարով՝ որոշակի պետություններ աշխարհաքաղաքական նպատակներ են հետապնդում, այն է՝ այս տարածաշրջանում ԱՄՆ ու Թուրքիայի լիդերությունը պահպանելը:





























