«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում հոկտեմբերի 30-ին ինքնասպանություն գործած դատապարտյալ 36-ամյա Կարապետ Կարապետյանը 2015թ. օգոստոսի 18-ին Երեւանի իրենց բնակարանում կացնահարել էր իր քնած 25-ամյա եղբորը՝ Վլադիմիր Կարապետյանին: Սպանության օրը Կարապետ Կարապետյանին հայտնաբերել  բերման էին ենթարկել:

NEWS.am-ի տեղեկություններով` «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում բուժման մեջ գտնվող Կարապետ Կարապետյանին, որին ազատազրկել էին սպանություն կատարելու մեղադրանքով, հոկտեմբերի 30-ի երեկոյան հայտնաբերել են հոգեբուժական կլինիկայի ծխարանում` սավանով կախված վիճակում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: Նա 36 տարեկան էր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. օգոստոսի 18-ին, ժամը 07:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ  արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը՝ Կարապետ Կարապետյանը: