Թուրքիայում շարունակվող բասկետբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում տեղի ունեցավ հուզականությամբ ու սկզբունքայնությամբ ամենասուր հանդիպումը: Անկարայում հանդիպեցին Թուրքիայի եւ Հունաստանի հավաքականները: Երկու թիմերն էլ նախքան այս հանդիպումը տարել էին երկուական հաղթանակ: Թուրքիան մեկնարկային խաղում 86:47 հաշվով ոչ մի շանս չէր տվել Կոտ դ’Իվուարին, այնուհետեւ 65:56 հաշվով առավելության էր հասել ռուսների նկատմամբ: Հունաստանը երկու ծանրագույն խաղերում նախ` 89:81 հաշվով պարտության էր մատնել Չինաստանին, ապա` 83:80 հաշվով հաղթել էր Պուերտո Ռիկոյին: Երեկ կեսգիշերից հետո ավարտված խաղում Թուրքիայի հավաքականը սեփական խաղահրապարակի գործոնի եւ թուրք երկրպագուների անհամեմատելի աջակցության շնորհիվ կարողացավ առավելության հասնել հարեւան Հունաստանի նկատմամբ: Հունաստանը պարտվեց 65:76 հաշվով: Թուրքիայի հավաքականը, երեք խաղում տանելով միայն հաղթանակ, գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ռուսաստանի եւ Հունաստանի հավաքականները: Այս առաջնությունում առայժմ պարտություն չեն կրել նաեւ ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ֆրանսիայի եւ Լիտվայի հավաքականները:
Բասկետբոլի աշխարհի առաջնություն. Թուրքիան դարձյալ հաղթեց, այս անգամ Հունաստանին
Հասանելի է
русский
























