Հայաստանի բնակչության կեսից ավելի չի ծանոթացել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակին: Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության՝ Հայաստանի բնակչության շրջանում սեպտեմբերին անցկացրած հարցման մասնակիցների միայն 17.9%-ն է նշել, որ ծանոթացել է նախագծի վերջանական տարբերակին: 80.6%-ը նշել է, որ չի ծանոթացել, 1.4%-ը դժվարացել        է պատասխանել:

Հանրաքվեին ծանոթացած քաղաքացիների միայն 5.1%-ն է ամբողջությամբ կարդացել փոփոխված տարբերակը, 21.7%-ը մասամբ է կարդացել այն: Նրանց 66.7%–ը փոփոխությունների նախագծին ծանոթացել է ԶԼՄ-ների, 12.1%-ը՝ ֆեյսբուքյան քննարկումների միջոցով, միայն 20.2%-ն է հետեւել ԱԺ լսումներին:

Նախագծին ծանոթ քաղաքացիների 4%-ը մասնակցել է քննարկումների:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի: