«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը երեկ երեկոյան «Շանթի» եթերում հերքել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ որպես իր դեմ կատարված հարձակման հեղինակներ նշելով գործարար Հրանտ Վարդանյանի անունը: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի: Հեռուստալրագրողը վնասվածքներ էր ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին:
NEWS.am-ը դեռ հուլիսի 23-ին էր գրել, որ լրագրողի վրա հարձակումը բացահայտվել է, իսկ դրա հեղինակը ԱԺ պատգամավորներից մեկն է, որը, անձնական հաշիվներ ունենալով Մնացականյանի հետ, օգտվել է ստեղծված հարմար պահից, եւ իր մարդկանց ուղարկել՝ ծեծի ենթարկելու Մնացականյանին: Ոստիկանությունն այնուհետեւ հերքեց բացահայտման մասին լուրը:
Մեր հրապարակումից օրեր անց ոստիկանությունը ձերբակալել է 2 հոգու՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 1987թ. ծնված Դավիթ Խաչատրյանին ու Վահե Թադեւոսյանին, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Իսկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ կայացած ասուլիսին հայտարարել էր, թե հարձակումը կապված չի եղել Մնացականյանի մասնագիտական գործունեության հետ, ուղղակի հարձակվողները շփոթել են Նվերին երիտասարդներից մեկի սիրած աղջկա հոր հետ: Ավելին, ըստ ոստիկանապետի՝ գործարար Հրանտ Վարդանյանն ու իր պատգաավոր որդիները որեւէ կապ չունեն այդ հարձակման հետ: «Պարզվել է, որ համալսարանի ուսանող տղան Նվերին շփոթել է իր սիրած աղջկա հոր հետ: Երիտասարդները մանրամասն պատմել են եւ խոստովանել, որ իրենք են ծեծել: Նույնիսկ Նվեր Մնացականյանն է հերքել այդ տեղեկատվությունը եւ ասել, որ չկա որեւէ կապ Հրանտ Վարդանյանի եւ իր միջեւ»:
«Շանթի» հեռուստամեկնաբանի պատասխանը ոստիկանապետին չուշացավ, եւ երեկ եթերում Մնացականյանը, որն այժմ արձակուրդում է, հեռախոսով պատասխանեց բարձրաստիճան ոստիկանին՝ ուղղակի կերպով վերջինիս մեղադրելով ստախոսության մեջ: «Ես ցավում եմ, որ մեր իրավապահներն այդ վիճակում են: Եթե ոչ հրապարակային, բայց հարմար առիթների ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ դա նրանք են, իսկ ինձ հետապնդող մեքենան էլ եղել է „Գրանդ Քենդիի“ նիվաներից»:
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից մեկնաբանություններ ստանալ NEWS.am-ին չհաջողվեց: Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հեռախոսները չէին պատասխանում. օրը շաբաթ էր, եւ տղերքը երեւի որոշել էին հանգստանալ ամբողջ կազմով:




























