Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նպատակը նոր Սահմանադրությունն է։ Բայց Էրդողանը նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում բացարձակ սահմանադրական մեծամասնություն չի հավաքել եւ ընդդիմության աջակցության կարիքն ունի։ Հետընտրական Թուրքիայում հնարավոր են երկու լրիվ իրար հակասող սցենար։ Այս մասին Deutsche Welle գերմանական պարբերականում լույս տեսած հոդվածում գրում է թուրքական բաժնի խմբագիր Սեդա Սերդարը՝ անդրադառնալով հետընտրական Թուրքիայում հնարավոր զարգացումներին։

«Թվում է, թե Էրդողանը մի քայլ առաջ է գնացել իր նպատակին՝ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգ հաստատելուն հասնելու համար։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցները այդ անցումը համեմատում են ԱՄՆ կառավարման համակարգի հետ, միայն թե մոռանալով, որ զսպման եւ հակակշիռների մեխանիզմները, դրա հետ մեկտեղ նաեւ Սահմանադրական մարմինների վերահսկողությունը Վաշինգթոնում առաջնային տեղում են, իսկ Թուրքիայում դրանք երկար ժամանակ է, ինչ գոյություն չունեն։ Եվ առաջիկա 4 տարում հավանաբար չեն էլ լինի։ Էրդողանի հիմնած կուսակցության դեմ քվեարկածների համար հավանաբար բարդ ժամանակներ վրա կհասնեն»,- գրում է հեղինակը եւ ներկայացնում 2 հավանական սցենարները, որոնցով կարող է շարժվել Թուրքիան խորհրդարանական ընտրություններից հետո։

«Սահմանադրական փոփոխությունների համար Էրդողանը աջակցության կարիք ունի։ Խորհրդարանում 317 տեղը բավարար չէ ԱԶԿ-ի համար։ Հետեւաբար հնարավոր է 2 տարբերակ։

Առաջին դեպքում Էրդողանը շարունակում է ազգայնական խաղաթուղթը խաղացնել եւ աջակողմյան ուժերին իր կողմը ձգել։ Դա նշանակում է հետագա հարձակումներ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ հատկապես նրանց ռազմական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով։ «Ազգայնական շարժման» հետ միանալով՝ էրդողանը կարող է խորհրդարանում ապահովել 330 ձայն եւ հասնել բաղձալի սահմանադրական փոփոխություններին։

Երկրորդ տարբերակ՝ ԱԶԿ-ն մերձենում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ եւ նոր շունչ հաղորդում քրդական խնդրի կարգավորմանը։ Քանի որ ընտրություններն արդեն կայացել են, ԱԶԿ-ն հետագա անկայունության կարիք չունի, իսկ քրդական կուսակցությունը կարող է ավելի շուտ գործընկեր դառնալ, քան թշնամի։ Միասին նրանք կունենան 367 ձայն։ Նման մեծամասնության դեպքում, համաձայն Թուրքիայի Սահմանադրության, հանրաքվեի կարիք առհասարակ չի լինի»,- եզրափակում է հեղինակը։